National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
10.11.2021
Վերաքննիչ վարչական եւ Վճռաբեկ դատարանների բեռնաթափմանն ուղղված նախագիծը մերժվել է
1 / 4

ԱԺ պատգամավոր Արամ Վարդեւանյանն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 10-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախագծով առաջարկվում է բեռնաթափել ՀՀ վերաքննիչ վարչական եւ ՀՀ վճռաբեկ դատարանները: Հեղինակն առաջարկում է օրենսգրքի 130-րդ հոդվածը լրացնել նոր՝ 3-րդ մասով, որի համաձայն վարչական մարմինները տուգանքների վերաբերյալ վարչական դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն բացառապես այն դեպքերում, երբ տուգանքի չափը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը: Այսինքն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք ներկայացնելու համար քննարկվող տուգանքի չափ է նախատեսվել 500 հազար դրամը:

Արամ Վարդեւանյանը նշել է, որ վարչական մարմինների գործառույթներից մեկը տուգանքի որոշում կայացնելն է, բայց հաճախ դա ինքնանպատակ գործողություն է դառնում: Վարչական դատարանը, քննելով բողոքները, հաճախ որոշում է դրանք անվավեր ճանաչել: Օրենսդրական առաջարկով, եթե քաղաքացին տուգանքի բողոքարկման դեպքում հաղթում է Վարչական դատարանում, ապա գործընթացը կավարտվի, եւ գործն այլեւս չի քննվի վերաքննիչ եւ վճռաբեկ ատյաններում:

Պատգամավորներն անդրադարձել են նախագծով առաջարկվող կարգավորման վիճահարույց հանգամանքներին: Կարծիք է հնչել, որ այս առաջարկով դատարանները բեռնաթափելու նպատակադրումն իրականություն չի դառնալու, կարգավորումը կարող է նոր չարաշահումների հիմք դառնալ:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն առաջարկել է լրամշակելու նպատակով հետաձգել հարցի քննարկումը:

Հարակից զեկույցում Արթուր Դավթյանն առաջարկել է դեմ քվեարկել նախագծին: Պատգամավորի համոզմամբ՝ տուգանքի չափի սահմանված շեմը պետք է հիմնավորված լինի: Ըստ նրա՝ Վճռաբեկ դատարանը կզրկվի սահմանված գումարի չափով հայցերով օրենսդրության միատեսակ կիրառության հնարավորությունից:

Ներկայացնելով Կառավարության տեսակետը՝ ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը նշել է, որ գործադիրը նախագծում եռաստիճան դատական համակարգի որոշակի դեֆորմացիայի ռիսկ է տեսնում: Ըստ նրա՝ առաջարկը վիճելի է ինչպես Վճռաբեկ դատարանի սահմանադրաիրավական կարգավիճակի, այնպես էլ ՍԴ եւ ՄԻԵԴ որոշումների պրակտիկայի համատեքստում: Նշվել է, որ նախատեսված դեպքերում վարչական մարմնի բողոքարկման իրավունքի սահմանափակումը կարող է խաթարել Վճռաբեկ դատարանի՝ օրենքների եւ այլ նորմատիվ-իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու սահմանադրական գործառույթի իրականացումը:

Արդյունքում օրինագիծը ստացել է հանձնաժողովի բացասական եզրակացությունը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am